Կրասնոդարի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի ելույթների, Իռլանդիա – Հայաստան հանդիպման մրցավարության եւ իր անցյալի մասին:
«Այն ինչ այժմ կատարվում է Հայաստանի հավաքականի հետ` երկար տարիների համառ աշխատանքի արդյունք է, Հայաստանից դուրս խաղացող Հենրիխ Մխիթարյանի, Մարկոս Պիզելիի եւ ինձ նման ֆուտբոլիստների ու երիտասարդների հետ աշխատանքի արդյունք է: Բացի այդ, երբ դու խաղում ես քո երկրի համար, երբ կան մարդիկ, ովքեր սիրում են քեզ դրա համար` դա ամենալավ զգացումն է կյանքում: Ցանկանում ես դուրս գալ խաղադաշտ ու պայքարել մինչեւ վերջ: Մենք շատ էինք ցանկանում իրագործել այն ինչ մինչեւ այժմ Հայաստանը երբեք չի տեսել: Ցավոք, չկարողացանք: Հայաստանը չի մասնակցի Եվրո-2012-ին: Մեր ընտրական խմբում մեր հավաքականից ուժեղ թիմ չեք տեսնի: Այդ պատճառով ավելի ցավալի է»,- ասել է Մովսիսյանը:
Նա անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի հավաքականների միջեւ ընտրություն կատարելուն:
«Հայաստանն ընտրելուց առաջ ես բազմիցս հրավեր եմ ստացել ԱՄՆ-ի հավաքականից, բայց ընտրեցի Հայաստանը, որովհետեւ այստեղ առավել հետաքրքիր ու բարդ խնդիր կա: Եթե ես ընտրեի ԱՄՆ-ն, ապա դա կլիներ պարզապես իմ կարիերայի հերթական էջը, բայց ես միշտ փորձել եմ մարտահրավեր նետել ճակատագրին եւ հասնել նպատակիս: Այժմ ես խաղում եմ Հայաստանի հավաքականում եւ կցանկանայի օգնել իմ երկրին հասնել աննախադեպ նվաճումների: Ճանապարհի կեսն արդեն անցել ենք: Հուսով եմ, որ հաջորդ անգամ մեր ամբողջ թիմը եւ ես ավելի լավը կլինենք»,- նշել է Մովսիսյանը:
Իռալնդիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտության գլխավոր մեղավոր Յուրա Մովսիսյանը համարում է իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսին:
«Այո, կարծում եմ` մրցավարությունն ահավոր էր: Մրցավարը պարզապես սպանեց ամբողջ Հայաստանի երազանքը: Հանդիպումը վերլուծելուց հետո, մենք եկանք այն եզրակացության, որ խաղացել ենք լավ, բայց Իռլանդիայի նման բարձր որակավորում ունեցող թիմի հետ տասը ֆուտբոլիստներով, առանց փորձառու դարպասապահի դժվար է ինչ-որ բանի ակնկալիք ունենալ: Գիտեք, ես չեմ սիրում բողոքել մրցավարներից, բայց պետք է խոստովանեմ, որ մեր պարտության մեջ մեղքի մեծ մասը մրցավարինն էր»,- եզրափակել է Մովսիսյանը:




























