Պետական բյուջեում հարկային եկամուտների պլանը 101 մլրդ դրամով ավելացվելու հետ կապված մինչեւ հիմա մտահոգություններն ու ռիսկերը մնում են: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2012 թ. պետական բյուջեում հարկային եկամուտների պլանը 101 մլրդ դրամով ավելացվել է, ինչն արժանացել էր ՊԵԿ ղեկավարի հրապարակային քննադատությանը:
Նրա խոսքով` ՊԵԿ-ը փոքր եւ միջին ձեռնարկություններին չի դիպչելու: «Այն ձեռնարկությունները, որտեղ հարկային մարմինը անելիք չունի` հանրային սնունդ, տաքսի ծառայություններ, որտեղ անհիմն ծախսում ենք ռեսուրսը, դրանցից ազատվենք: Արտոնավճարը մուծեք` այլեւս չենք մոտենա, այդպիսի հազարավոր ձեռնարկություններ կան»,- ասաց Գ. Խաչատրյանը:
Սակայն ՊԵԿ ղեկավարին մտահոգեց այն հարցը, թե ինչպե՞ս են հարկելու խոշոր ընկերություններին: Ըստ նրա հաշվարկների` 440 խոշոր ընկերությունների շրջանառությունները պետք է 30 տոկոսով ավելացվեն, որպեսզի 2012 թ. հարկային պլանն իրականացվի: Ինչ վերաբերում է ստվերին, ապա Գ. Խաչատրյանի խոսքով` այն առկա է բոլոր ոլորտներում, սկսած փոքր բիզնեսից, վերջացրած մեծով: Օրինակ` փոքր կրպակները ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, որը նույնպես ստվերի վկայություն է:



























