Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանին վրդովվեցրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունը շատ քիչ բան է արել, որպեսզի կանխի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ոչ մշտական անդամ դառնալը:
«Հետաքրքրական է կոնկրետ պարոն Հովհաննիսյանը կամ ՀՅԴ-ն ի՞նչ են արել հակազդելու Ադրբեջանի ընտրվելուն: Արդյոք բարձրացրե՞լ են այդ հարցը Սոցինտերնի համաժողովներին, փորձել են արդյոք Հայ Դատի գրասենյակների միջոցով աշխատանք տանել այդ ուղղությամբ այն Իսլամական համագործակցության կազմակերպության երկրներում, որտեղ ՀՅԴ կառույցներ ունի: Ես չեմ էլ լսել, որ ՀՅԴ-ն պատրաստակամություն է հայտնել տարբեր երկրներում հանգանակված միջոցներից գումարներ հատկացնել՝ հօգուտ անվտանգության խորհրդում Հայաստանի ընտրարշավի:
Քննադատելը շատ հեշտ է, հատկապես նրանց կողմից, որոնց միակ նպատակը հենց քննադատելն ու սեւացնելն է՝ առանց լուծումներ առաջարկելու կամ հարցի էության մեջ խորանալու»,- ասել է Մելիքյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վահան Հովհաննիսյանն ասուլիսում նշել էր, որ թեեւ Հայաստանի ԱԳՆ-ն ու ՀՀԿ խոսնակները հայտարարում են, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ընտրվելը մեզ համար մտահոգիչ չէ, բայց շուտով մենք դրա դառը պտուղները քաղելու ենք: Նրա խոսքով, Հայաստանը պետք է ակտիվ պահեր իր թեկնածությունը, պայքարեր, որ Ադրբեջանը չդառնա ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ: «Մեր իսթեբլիշմենթի մոտ որոշումները կայացվում են յուրայիններով: Մադրիկ չեն հասկանում, որ լավագույն խորհրդատուն օպոնենտն է: Սա մեզանում չեմ հասկանում, եւ արդյունքում սխալվում են: Պետք է տեսնել սեփական շահը, ոչ թե հույսը դնել, որ Ադրբեջանի եւ Սլովենիայի պայքարում Սլովենիայի շանսերն ավելին են լինելու, որն, ի վերջո, սխալ դուրս եկավ»,- նշել էր ՀՅԴ-ական գործիչը:
Վահան Հովհաննիսյանն անդրադարձել էր նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի ընտրվելու հետեւանքներին, նշելով. «Բաքվի լիազորությունները բավական լայն են, միայն վետոյի իրավունք չունի, փոխարենն օրակարգ ձեւավորելու իրավունք ունի: Կբերեն մի այլանդակություն, կսկսվի աշխատանք, վերջում կմնա տհաճ էլեմենտներով փաստաթուղթ կամ փաստաթղթեր, ու դրանցով կխփեն մեր դիվանագիտության գլխին»:




























