Իրենց քաղաքական հակառակորդների մասին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Տիգրան Սարգսյանը գրեթե նույն բանն են մտածում: Այսօր` նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հնչած «կոտրած տաշտակի» մասին հայտարարությունը, նա հայտարարեց, որ դա չի համապատասխանում Կառավարության ղեկավարի կարգավիճակին:
«Մի բան է, երբ կուսակցության դիրքորոշումը հայտնում են նրա ներկայացուցիչները, եւ բոլորովին այլ բան է, երբ այդ ներկայացուցիչները պետության առաջին դեմքերն են: Եթե նման հայտարարություն անում է գործադիր իշխանության ղեկավարը, ապա այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է դրա տակ հասկացվում: Այս հայտարարության մեջ կարելի է տեսնել առաջիկա ընտրությունների ելքը: Դա կարող է նշանակել, որ այն քաղաքական ուժերը, որոնք կկանգնեն հակառակ ափին, ավելի քիչ մանդատներ կստանան, կամ ընդհանրապես չեն ստանա»,- ասաց Կարապետյանն ու հավելեց. «Դրանից շատ բանով չի տարբերվում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, ով հայտարարում է. «Ով մեզ հետ չէ, սրիկա է»:
Իր հերթին, Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ իշխող կուսակցության հայտարարությունների նկատմամբ ընդգծված հետաքրքրությունը լրիվ հասկանալի է: «Քաղաքական կյանքում նույնպես գործում է գրավիտացիայի օրենքը: ՀՀԿ-ն, որպես առավել ծանրակշիռ քաղաքական ուժ, իրեն է ձգում այլ` ավելի փոքր ուժերի»,- ասաց նա, հավելելով, որ տեսակետը, թե «կոտրած տաշտակի» մասին հայտարարությունը ենթադրում է քաղաքական դաշտի մաքրում, արդարացված չէ:




























