Գերմանիայում մի խումբ փաստաբաններ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վերջին ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի եւ պաշտպանության նախարարների դեմ պատերազմական հանցանք գործելու մեղադրանքով դատական հայց են ներկայացրել Կառլսռուեի ֆեդերալ դատախազություն։
Firat գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ին Բեռլին ժամանող Թուրքիայի վարչապետի դեմ դատական հայց ներկայացրած գերմանացի փաստաբանները պատրաստվում են Բեռլինում մամուլի ասուլիս կազմակերպել։
Գերմանացի փաստաբանների դատական հայցում մեղադրանքներ են ներկայացվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ազգային պաշտպանության նախկին նախարարներ՝ Իսմեթ Յըլմազի, Սաբահաթին Չաքմաքօղլուի եւ Վեջդի Գյոնուլի, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետեր՝ Հիլմի Օզքոքի, Յաշար Բույուքանըթի, Իլքեր Բաշբուղի, Ըշըք Քոշաների եւ ներկայիս պետ՝ Նեժդեթ Օզելի դեմ պատերազմական հանցանքներ գործելու մեջ։
Հիշյալ պաշտոնյաները մեղադրվում են էթնիկ խմբի (քրդերի-NEWS.am) դեմ պետական ահաբեկչություն իրականացնելու, պատերազմական հանցանքներ գործելու եւ քիմիական զենք կիրառելու հրաման արձակելու մեջ։
Ներկայացված հայցի մեջ պահանջվում է, որ հիշյալ թուրք պաշտոնյաները Գերմանիա մտնելուն պես ձերբակալվեն։ Նշվում է, որ հայցում նաեւ ներկայացված են մեղադրանքներն ապացուցող մի շարք փաստաթղթեր, լուսանկարներ եւ վկայություններ։




























