Ադրբեջանը, որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի նոր ոչ մշտական անդամ, պետք է «հենց հիմա» սկսի լուծել մարդու իրավունքների խնդիրները, որպեսզի նվաճի միջազգային վստահությունը եւ Արեւմտյան տերությունների աջակցությունը: Այսպիսի կարծիք է հայտնել ամերիկյան հայտնի քաղաքագետ, նյույորքցի իրավաբան Մարկ Մեյրովիցը Turan-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ մտնելը կնշանակի, որ Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը մանրակրկիտ կդիտարկվի. «Ադրբեջանը համաշխարհային հանրության մեծ ուշադրության գոտում է գտնվում, հետեւաբար, պետք է խթանի ողջամիտ եւ պատասխանատու քաղաքականությանը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, հաշվի առնելով իր ավելի բարձր` ՄԱԿ-ի ԱԽ անդամի կարգավիճակը»:
«Ինչպես ամերիկյան փորձն է ցույց տալիս, խոսքի եւ արտահայտման ազատությունը բարձրացնում է երկրի իմիջը, լուծում է մարդու իրավունքների խնդիրը: Արդյունքում Ադրբեջանի իմիջը համաշխարհային հանրության աչքում կբարելավվի, եւ այն կմոտենա Արեւմուտքին: Ամերիկյան ճանապարհը հետեւյալն է. պետք է թույլատրել ազատ խոսել եւ արտահայտվել, նույնիսկ եթե որոշ մարդիկ հիմարություն են ասում, երբեմն էլ տհաճություն են պատճառում: Ադրբեջանը ճիշտ կաներ սովորեր»,- ավելացրել է նա:
Ըստ Մեյրովիցի` տերությունները հետեւելու են, թե ինչպես է քվեարկում Ադրբեջանը այս կամ այն հարցին: Միաժամանակ, Բաքուն պետք է «զգույշ լինի, որպեսզի խուսափի «Մեծ հնգյակի» հետ բախումներից (հատկապես` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի). «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, դա փորձ է ցանկալին իրականի փոխարեն ներկայացնելու, եթե հավատանք, որ այդ հարցը կներկայացվի ՄԱԿ-ի ԱԽ-ում` կապված այդ կառույցին Ադրբեջանի անդամակցության հետ: Այդ պլանում որոշիչը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դերն է, այդ պատճառով հարցի ցանկացած որոշում, ավելի շուտ կմշակվի ՄԱԿ-ի ԱԽ-ի համատեքստից դուրս»:




























