Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Reuters գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիային գազի պարտք ունեցող Հունաստանի եւ Ադրբեջանի հետ կնքված գազային պայմանագրերին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Aksam-ը, թուրք նախարարը նշել է, թե Թուրքիային գազի համար 300 մլն դոլար պարտք ունեցող Հունաստանը մինչեւ 2012 թվականը կմարի իր պարտքը։ «Թուրքիան Ադրբեջանի Շահ Դենիզ 1-ից ստացված գազից տարեկան 750 մլն խմ արտահանում է Հունաստան, սակայն վերջին շրջանում ճգնաժամի մեջ հայտնված Հունաստանը չի կարողանում վճարել Թուրքիային ունեցած պարտքը»,-ասել է նախարարը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ կնքված գազի պայմանագրերին,  Թաներ Յըլդըզը նշել է, թե Ադրբեջանի հետ համաձայնեցվել է, որ մինչեւ 2018 թվականը Շահ Դենիզ 1-ից ստացված գազի գինը փոփոխություն չի կրելու։  «Շահ Դենիզ 2-ից ստացվելիք գազի գնի շուրջ եւս պայմանավորվածությունը շահեկան է։ Աշխատել ենք այնպես անել, որ գազի գինը մյուս տարածաշրջանների համեմատ ավելի շահավետ լինի»,-ավելացրել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը։