Այս տարվա ընթացքում, կոալիցիոն հուշագրից սկսած չկա մի գործընթաց, որը ուղղակի կամ անուղղակի չծառայեցվի իշխանության վերարտադրությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով վերջին աղմկոտ հրաժարականները:

«Բոլոր հրաժարականները ուղղակի նպատակ ունեն կարգի բերել այսպես ասած գործող նախագահի թիմը, բերել այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն խնդիրներ չեն հարուցի թիմի ներսում, այլեւ կկատարեն իրենց առջեւ դրված առաջադրանքը ընտրությունների ժամանակ: Բոլոր պաշտոնանկություններն այս համատեքստում են»,- նշեց Սաֆարյանը:

Վերջինս հավանական համարեց նոր պաշտոնանկությունները: «Իհարկե հնարավոր են: Ինչպես նկատելի է, հրաժարականներ են տալիս մարդիկ, որոնց հրաժարականի պահն ու ձեւը անակնկալի է բերում բոլորին: Առանձնապես չի շեշտվում մի այնպիսի գործունեություն, որի համար նրանք հրաժարվում են ինքնակամ կամ ազատման հրամանագրերով իրենց զբաղեցրած պաշտոններից: Իսկ դա նշանակում է, որ իրական պատճառները հանրությանը հայտնի չեն: Իսկ իրական պատճառները, ինչպես նշեցի, դրանք նախընտրական նախապատրաստություններն են»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը:

Ըստ «Ժառանգության» պատգամավորի, պաշտոնանկությունների տրամաբանությունը հասարակության համար հասկանալի չէ, հիմնավորումները չեն բերվում: «Աշխատակազմի ղեկավարը հրաժարվեց, հիմնավորումները համոզիչ չէին, քաղաքապետը հրաժարական տվեց, հիմնավորումները համոզիչ չէին, եւ այսպես շարունակ»,- ամփոփեց Ստեփան Սաֆարյանը: