Հայաստանում չկա որեւէ խոշոր քաղաքական ուժ, որն ուշադրություն չդարձներ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան «նախագահական եռանկյունուն»: Այսպիսի կարծիք է արտահայտել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նոյեմբերի 1-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում:
«Գործնականորեն բոլոր հիմնական քաղաքական ուժերը որոշակի դիրք են զբաղեցնում այդ եռանկյունու ներսում, դրա երեք անկյուններից մեկին մոտ կամ հեռու: Ընտրությունների նախաշեմին այդ դիրքը նշանակալիորեն կհստակեցվի, եւ այդ երեք ուժերի միջեւ կատարվելիք ընտրությունը պետք է հասարակության համար լսելի լինի», - կարծում է Կարապետյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանը» հանդես կգա կեղծ ընդդիմադրի դերում, որպեսզի իր կողմը գրավի բողոքական ընտրազանգվածին, Կարապետյանը նշեց, որ այդ քայլն անելու պահը բաց է թողնվել:
«Կուսակցությունը դա կարող էր անել փետրվարին, բայց ոչ հիմա: Ինչքան քիչ ժամանակ է մնում ընտրություններին, այնքան հասարակության համար ավելի անհամոզիչ են դառնում նման փորձերը: Կամ էլ ԲՀԿ-ն պետք է իրական ընդդիմություն դառնա եւ ոչ շինծու առերեսման գնա իշխանությունների հետ», - ասաց Կարապետյանը:
ՀՅԴ-ն, նրա կարծիքով, բյուրոկրատական վերաբերմունքով գտնվում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բեւեռների միջեւ: «Բնականաբար, ոչ գաղափարական իմաստով. այստեղ նրանք եղել եւ մնում են ազգային դաշտում: Խոսքը կուսակցական կազմակերպությունների բյուրոկրատական բաղադրիչի մասին է: «Ժառանգությունը» այս կամ այն կողմի նկատմամբ դեռեւս ընդգծված դիրքորոշում չի ցուցաբերում», - նշել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը:
Իր հերթին Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը հայտարարեց, որ քաղաքական կյանքը նախընտրական փուլ է մուտք գործում առանց լուրջ ցնցումների: «Կուսակցությունները պատրաստվում են ընտրություններին` կիրառելով ընտրողներին գրավելու իրենց միջոցները: Այս ֆոնին ներքաղաքական ասպարեզում լուրջ հակասություններ չկան», - ասել է Դավթյանը:




























