Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանվել է 8368 հետիոտն: Այս մասին նոյեմբերի 1-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Ըստ նրա` հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների կեսը կազմում են վրաերթերը, ընդ որում` դրանք, որպես կանոն, կատարվում են հետիոտնի մեղքով. «Միայն 2010թ. արձանագրվել է 752 վրաերթ, 173 մարդ մահացել է: Դա մի ամբողջ ՏՈՒ-154 ինքնաթիռ է», - հիշեցրել է Նորիկ Սարգսյանը` հավելելով, որ հետիոտների անվտանգության նկատառումներով մայրաքաղաքում արդեն կառուցվել են մի քանի վերգետնյա անցումներ, եւս մեկի կառուցումն ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է ստորգետնյա անցումներին, գնդապետը նշեց, որ դրանք Ճանապարհային ոստիկանության պատասխանատվությունից դուրս են:
Ընդհանուր առմամբ, ըստ Նորիկ Սարգսյանի, հետիոտների անկարգապահությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ, ի տարբերություն վարորդների, որոնց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները որոշակի արդյունք են տվել: Այսպես, եթե 2006-07թթ. տուգանքների թիվը 120-150 հազար էր, ապա 2011թ. 10 ամիսներին 570 տուգանք է արձանագրվել: Ճանապարհային ոստիկանությունում նման վիճակագրությունը դիտարկվում է դրական համատեքստում: Նորիկ Սարգսյանը չկարողացավ հաղորդել, թե քանի վրաերթ է տեղի ունեցել վարորդների մեղքով, սակայն հիմնվեց «ընդհանուր տպավորության վրա, որ հիմնականում հետիոտներն են մեղավոր»:
ՃՏՊ-ների հիմնական պատճառը, ըստ Նորիկ Սարգսյանի, շարունակում են մնալ արագության գերազանցումը, սխալ մանեւրումները եւ խաչմերուկների անցման ժամանակ կատարվող խախտումները:


























