Վերջին շրջանում հրաժարական տված պետական անձինք բացատրել են իրենց որոշումների դրդապատճառները, եւ անհրաժեշտություն չկա լրացնել նրանց: Այսպիսի միտք է արտահայտել Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, նոյեմբերի 1-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում` պատասխանելով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների հնարավոր հետեւանքների մասին հարցին:

Հիշեցնենք, մի քանի օր առաջ քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարել  էր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրաժարական է տալու, ինչը այսօր նա հաստատեց: Ըստ շրջանառվող լուրերի` նրան  փոխարինելու է պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հնարավոր հրաժարականի մասին լուրը հերքել է նախարարի մամուլի քարտուղար Զոյա Բարսեղյանը:

Իր հերթին, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ հրաժարականների շարանը կոչված է ընտրություններից առաջ ՀՀԿ-ի դիրքերն ամրապնդելու:  «Իշխող կուսակցությունը փորձում է իշխանական ռեսուրսները կենտրոնացնել իր ներսում. ընտրությունների մոտենալու հետ մեկտեղ այդ ռեսուրսների գինն աճում է:  Սա էլ հերթական վկայությունն է այն բանի, որ կոալիցիան կառուցվում է ոչ այնքան գաղափարական ընդհանրության, որքան բյուրոկրատական մեխանիզմների հիմքի վրա: Հասարակական կյանքը այդ ընթացքում հետընթաց է ապրում: Եթե ոստիկանապետի պատասխանը լրագրողների հարցին ընդամենը 20 տող է, որում ութ անգամ կրկնում է, որ համամիտ է իր կուսակցության դիրքորոշմանը եւ որոշումներին, էլ ինչ խոսք կարող է լինել հասարակական կարծիքի նկատմամբ հարգանքի մասին», – նշել է Կարապետյանը: