Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը փնտրում է հինգ տարուց ավելի տուգանային հրապարակում մնացած ավտոմեքենաների տերերին:

Ինչպես նոյեմբերի 1-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի  պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը, խոսքը հիմնականում հին «զապորոժեցների» եւ «մոսկվիչների» մասին է, որոնք 15-20 տարի կանգնած են տուգանային հրապարակում:  «Այդ հին մեքենաները խոչընդոտներ են ստեղծում, տեղ են զբաղեցնում: Այդ պատճառով փնտրում ենք տերերին, թող գան տանեն իրենց մեքենաները: Եթե տերերը  չհայտնվեն, մեքենաները կհամարվեն անտեր», - նշեց Նորիկ Սարգսյանը:

Նախօրեին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով վերը նշված ավտոմեքենաների տերերին, որ հնարավորություն է ընձեռվում գալ տանել իրենց պատկանող գույքը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-56-32-94, 077-56-32-94 հեռախոսահամարներով: