Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12-ի սահմաններում մահացել է դատապարտյալ, 72-ամյա Նորայր Թումանյանը:

ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառը սուր կորոնար սինդրոմն է (ինֆարկտ):

Երեւանի քրեական դատարանը 2008 թ. հուլիսի 14-ին Նորայր Թումանյանին դատապարտել էր 15 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 5-րդ կետի (սպանություն), 185 հոդվածի 1 մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) եւ 66 հոդվածի 4 կետի հատկանիշներով:

Փաստի կապակցությամբ, նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: