Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննության նոր կանոնների ներդնումը կնպաստի վարորդների որակի բարձրացմանը: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի  պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը նոյեմբերի 1-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում:

Ըստ նրա` այն  փաստը, որ տեսական քննությունն այսուհետ անցկացվում է էլեկտրոնային տարբերակով, այսինքն` համակարգչայնացվել է, գործնականում բացառում է կոռուպցիոն ռիսկերը: «Այս կերպ գրագետ վարորդների թիվը կավելանա, վթարներն էլ, համապատասխանաբար, կպակասեն», - կարծում է Նորիկ Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ տվեց տեխզննման նոր կարգի (տեխզննում անցկացնելու իրավունքը մասնավոր ընկերություններին տրամադրելը) ներմուծումը, եթե «միեւնույն է, ամեն ինչ գնվում է», Նորիկ Սարգսյանը նշեց, որ վիճակագրական տվյալներ ունի Տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Միեւնույն ժամանակ, գնդապետը հայտնեց, որ տարվա ընթացքում ընդամենը 10-ի չափ դեպքերում, որ վթարի պատճառը մեքենայի անսարքությունն է դառնում:  Նշենք, 2011թ. 10 ամիսներին Հայաստանում գրանցվել է 1866 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց արդյունքում մահացել է 249 մարդ, 2734-ը վնասվածքներ են ստացել: 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 254-ով, զոհվածների թիվը` 24-ով, վիրավորներինը` 531-ով: