Դժվար է պատկերացնել, ասենք Կանադայի ժողովրդական արտիստ Դրեյք, կամ ԱՄՆ ժողովրդական արտիստ Էմինեմ: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Իրականությունն այն է, որ իսկական ժողովրդականությունը իրենցն է, որովհետեւ ամենաշատ սինգլներն իրենք են վաճառում: Հիմա տիկին Գալստյան ասում է՝ ուզում եք Էլիտայից ազատվել: Էլիտա ասելով, ենթադրաբար նկատի ունի վաստակավոր արտիստներին, օրինակ, իմ կողմից շատ հարգարժան, շատ լավ երգիչ Արմենչիկին: Ես շատ լավ եմ վերաբերվում, ես երաժշտական ճաշակի ռասիզմ դավանողներից չեմ, ինքս լսում եմ ամենատարբեր երաժշտություն՝ ACDC-ից, «Մետալիկայից» մինչեւ հայկական, ինչ-որ տեղ նաեւ ռաբիզ: Այս տրամաբանությամբ ինձ ո՞վ կարող է բացատել՝ ինչո՞ւ է Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ, օրինակ, Տիգրան Ժամկոչյանը՝ ոչ, ես դա չեմ կարողանա հասկանալ։ Նույն ժանրի երգիչներ են, ու ի դեպ, հայտնիության, ավելի շատ լսելիության հետ կապված էլ հարցեր կան:
Պետությունը չէ, որ պետք է որոշի, թե որ արտիստն է վաստակավոր, որը՝ ժողովրդական»,- նշեց նա և ընդգծեց, որ աբսուրդ է, երբ ՀՀ նախագահի հրամանով այս կամ այն արտիստը ճանաչվել է ժողովրդական։
«Կարո՞ղ է ժողովուրդն ինքը որոշի՝ ով է ժողովրդական, ով ոչ: Ով է որոշել, որ երգիչը պետք է լինի էլիտա, իսկ ատաղձագործը՝ ոչ, ինչո՞ւմ է տարբերությունը: Հարց է, թե այդ տարբերությունը հօգուտ ում կլինի»,- նկատեց իշխանական պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։











