Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 1-ին, Կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ալիկ Սարգսյանը կատարել է իր առջեւ դրված խնդիրները, որի համար Նախագահը նրան շնորհակալություն է հայտնել եւ ներկաներին տեղեկացրել, որ Ալիկ Սարգսյանը նշանակվել է Նախագահի խորհրդական: Նոր ոստիկանապետի նշանակման կապակցությամբ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համոզմամբ, այսօր ՀՀ ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի: Նախագահը վստահություն է հայտնել, որ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվելու են, եւ մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու:
Ալիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում ոստիկանության համակարգի եւ իր նկատմամբ ցուցաբերված վստահության եւ աջակցության համար: Նա շնորհավորել է նորանշանակ ոստիկանապետին, ցանկացել բեղմնավոր աշխատանք:
Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ համակարգում մեկնարկած բարեփոխումները կարճ ժամանակահատվածում կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին, առաջ քաշված խնդիրները պատշաճ կերպով կլուծվեն, որի արդյունքը կլինի հասարակության մեջ օրենքի գերակայության ամրապնդումը:




























