Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ, այսօր` նոյեմբերի 1-ին, այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի հուշակոթողին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրախորհրդարանի պատգամավորները  եղել են ցեղասպանության թանգարանում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին:  Հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը եւ  բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը գրառում են կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։  Իր գրառման մեջ Եվգենի Կիրիլովը մասնավորապես նշել է.«Սա հայ ժողովրդի պատմության ողբերգական, հուզիչ էջերից է: Մենք հույս ունենք, որ այն երբեք չի կրկնվի պատմության մեջ»:

ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը լրագրողների հետ զրույցում նշել է. «Ես առաջին անգամ եմ Հայաստանում, լինելով Ցեղասպանության թանգարանում՝ անչափ տպավորված եմ եւ հասկանում եմ, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության կարեւոր էջերից մեկն է։ Ես բավականին շատ բան գիտեմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ ծնվել եմ նախկին Չեխոսլովակիայում։ Մեր՝ Եվրապառլամենտի պատգամավորների համար շատ կարեւոր է հարցի իմացությունը, որպեսզի կարողանանք ապագայում կանխել նման ոճրագործությունները»:

ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ,  Եվրախորհրդարան-Թուրքիա բարեկամության խմբի անդամ, Բուլղարիան ներկայացնող Սլավի Բենովն իր խոսքում նշել է.  «Եվրապառլամենտում մենք երկու դեկլարացիա ենք ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Կարծում եմ, որ մենք իրավունք չունենք մոռանալ մեր անցյալը, մեր պատմությունը- հակառակ դեպքում մենք ապագա չենք ունենա։ Կարծում եմ, որ առաջիկայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դեկլարացիաներին կմիանան ոչ միայն նոր երկրներ, այլեւ տարբեր հասարակական կազմակերպություններ, որն էլ մեծ արդյունք կտա»: