Հայաստանի ոստիկանության ֆինանսավորման համար 2012թ. կհատկացվի 25,7 միլիարդ դրամ: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` Ազգային Ժողովում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը: Մասնավորապես հասարակական կարգի պահպանման համար հատկացվելու է 24,1 միլիարդ դրամ: Պետական համարանիշների գնման համար հատկացվելու է 236 մլն դրամ, անձնագրային ծառայությունների փաստաթղթերի պատրաստման համար` 173 մլն դրամ:

2011թ. համեմատությամբ ոստիկանության աշխատավարձի ֆոնդն աճել է 0,5 մլրդ դրամով: Ինչպես նշել է Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը, ավելացումը պայմանավորված է ոստիկանության զորքերը լիովին պայմանագրային հիմունքների անցնելու հանգամանքով:

Ոստիկանության աշխատակիցնեռրի միջին աշխատավարձը 2012թ. մնալու է անփոփոխ եւ կազմելու է 134 հազար դրամ կոչումով ծառայողների եւ 58 հազար դրամ առանց կոչումի աշխատակիցների համար:

Աշխատավարձի չափն անհանգստացրել էր ՀՅԴ-ական պատգամավոր, պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանին, ով նշեց, որ ոստիկանների աշխատավարձն ամենացածրն է ԱՊՀ տարածքում:

«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքով, նման աշխատավարձը անհամարժեք է ոստիկանների պատասխանատըվությանն ու աշխատանքի ծավալին: «Հիմնական, եթե կարելի է ասել, սեւ գործը ոստիկանությունում կատարում են սովորական ծառայողները: Այն, որ այդ աշխատանքը բարդ է, գիտեն բոլորը: Այդ աշխատավարձով ինչպես կարող է ծառայողը կենտրոնանալ աշխատանքի վրա եւ չմտածել, թե ով է պահելու իր ընտանիքը»,- հարց է տվել Մարտիրոսյանը: