Պետք չէ զուգահեռներ տանել կառավարությունում եւ խորհրդարանում կադրային փոփոխությունների միջեւ: Այդ մասին այսօր` նոյեմբերի 2-ին, հայտարարել է հանրապետական պատգամավոր, Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նա կտրականապես հերքել է պաշտոնը լքելու Հովիկ Աբրահամյանի որոշման եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության միջեւ կապը: «Չեմ կարծում, թե պետք է զուգահեռներ տանել գործադիր մարմնում եւ օրենսդիր դաշտում վերադասավորումների միջեւ»,- ասել է Դավիթ Հարությունյանը:
Վերջինն, ըստ պատգամավորի, կրում է առավել ուժեղ քաղաքական երանգ, մինչդեռ կառավարությունում ղեկավարության փոփոխությունը պայմանավորված է «այլ չափորոշիչներով»:
Հարցին, թե հնարավո՞ր են արդյոք նոր վերադասավորումներ, Դավիթ Հարությունյանն ասել է, թե իրեն նման բան հայտնի չէ:
Նշենք, որ վերջին օրերին իրենց պաշտոններից զրկվել են Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, իսկ ԱԺ նախագահ հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել, որ գլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը:




























