ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատվիրակություններն այսօր` նոյեմբերի 2-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հանդիպել են Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության անդամներին: «Ժառանգությունը» ներկայացրել են խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ քարտուղար Լարիսա Ալավերդյանը, իսկ ՀՅԴ-ն` խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերի խնդրանքով, խորհրդարանական 2 կուսակցությունների պատգամավորները ներկայացրել են ներքաղաքական իրավիճակը եւ առաջիկա խորհրդրանական ընտրությունների մարտահրավերները: Ընդդիմադիր խորհրդրանական կուսակցությունների կողմից առաջարկվել է նոյեմբերի 2-ին եւ 3-ին Երեւանում այդ հանձնաժողովի հերթական նիստում քննարկել եւ հաստատվելիք փաստաթղթում ընդգրկել մի շարք հրատապ հարցեր:
Առաջարկները վերաբերում էին Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, մասնավորապես` ԿԸՀ եւ ԸԸՀ-ների ձեւավորման նախկին մոդելի վերադարձին, ընտրողների ստորագրությամբ ցուցակների մատչելիությանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն, որոնք մեկ տարուց ավելի համարվում են «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի համատեղ պահանջները: Շեշտվել է կոռուպցիայի համակարգային բնույթի եւ դրա դեմ պայքարի գրեթե բացակայությունը` կարեւորելով իրական, այլ ոչ թե նմանակեղծումային քայլերի ձեռնարկումը:
Մեկ այլ առաջարկ վերաբերել է տնտեսության մեջ եւ տարբեր ապրանքային շուկաներում օլիգարխների գերակա դիրք ունենալուն, պետական հաստատությունների կարիքների համար հայտարարվող գնումների մրցույթների ոչ թափանցիկությանը եւ օրենքի պահանջների խախտումների մասին: Առաջարկվել է ուշադրություն հրավիրել հատկապես դեղերի շուկայի կարգավորման վրա, քանի որ դրանցում հակաօրինական եղանակներով գերազանցապես հաղթում են իշխանության հետ կապված օլիգարխների ընկերությունները` կասկածի տակ դնելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը այդ դաշտում:
Անհրաժեշտ է համարվել բանակի եւ զինված ուժերի բարեփոխումը եւ տեղի ունեցած սպանությունների լիարժեք բացահայտումը: Կարեւորվել է նաեւ կուսակցությունների կայացմանը կառավարական աջակցության մեծացումը, հատկապես խորհրդարանական կուսակցություններին պետական ֆինանսավորման ավելացումը:
«Ժառանգության» եւ ՀՅԴ ներկայացուցիչները խոսել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԵՄ լիարժեք դիտորդական առաքելության անհրաժեշտության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողվում, մասնավորապես, ադրբեջանական պատվիրակության ապակառուցողական գործելաոճի եւ Վեհաժողովը կոնֆլիկտները լուծելու նպատակով օգտագործելու անթույլատրելիության, Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին ու դրա ձեւաչափին ԵՄ քայլերով չխոչըդոտելու, Արեւելյան գործընկերության անդամ բոլոր երկրների ժողովրդավարական բարեփոխումները խթանելու եւ այլ հարցերի մասին:
Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նոյեմբերի 2-ին եւ 3-ին կմասնակցի նաեւ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի աշխատանքներին:




























