Եվրամիությունը կարող է դժվարանալ համաձայնության հասնել որոշ անդամ երկրների՝ Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ բռնությունների համար պատասխանատու իսրայելցի վերաբնակների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու փորձերի հարցում, ասել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Քսավյե Բեթելը։

Բրյուսելում Reuters-ին տված հարցազրույցում Բեթելը հիշեցրել է, որ Եվրամիության առաջնորդները ժամերով վիճում էին լեզվական նույնիսկ փոքր տարբերությունների շուրջ, երբ խոսքը գնում էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին:

«Այնպես որ, հնարավոր է, որ դժվար լինի վերաբնակիչների դեմ պատժամիջոցներ կիրառելը», - ասաց նա՝ հստակեցնելով, որ կողմ է նման միջոցներին:

«Կարևոր է, որ անպատժելիությունը չհանդուրժվի, և դաժան վերաբնակիչները պետք է պատժվեն, իսկ եթե նրանք (իսրայելական իշխանությունները) դա չանեն, մենք պետք է դա անենք»,- հավելել է նա։