Խորհրդարանի նոր խոսնակի թեկնածությունը ՀՀԿ-ի ներկուսակցական հարցն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Դա ՀՀԿ-ի ներքին հարցն է: ՀՀԿ-ն կներկայացնի այն մարդու թեկնածությունը, ում հարմար կգտնի: Մեր խմբակցությունը կարտահայտի իր դիրքորոշումը, երբ այդ որոշումն ընդունվի»,- ասել է Բիշարյանը:
Խոսելով ՕԵԿ-ի նախընտրական ցուցակի մասին, նա նշել է, որ այդ թեմայով դեռ քննարկումներ չեն եղել: Ինչ վերաբերում է այդ ցուցակում գործարարների առկայությանը, ապա, ըստ Բիշարյանի, ընտրվելու դեպքում, այդ գործարարներն իրենց բիզնեսը օրինական կարգով կհանձնեն կառավարման:
«Կանոնակարգը դրա համար ժամկետ է սահմանում` ընտրությունից հետո 14 օր: Եթե խոսքը Արայիկ Հայրապետյանի մասին է, նա ընտանեկան բիզնես ունի: Իր ընտրության դեպքում, նա, կարծում եմ, նույնպես կվարվի կանոնակարգի համաձայն»,- հայտարարել է Բիշարյանը:




























