Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նոյեմբերի 14-ին, հրաժարական է տալու ԱԺ նախագահի պաշտոնից, հրապարակել է ԱԺ հերթական ընտրությունների օրը. դրանք տեղի կունենան 2012-ի մայիսի 6-ին:
«Իմ հրաժարականի պրոցեսը նոյեմբերի 21-ին նոր կավարտվի, հաշվենք, որ նոյեմբեր ամիսը ավարտվեց եւ քիչ ամիսներ են մնում, մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրություններն են»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է նա:
Անդրադառնալով իր հրաժարականին եւ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարելու խնդրին, Հ. Աբրահամյանն ասել է. «Այս ընտրությունները մեզ համար քննություն է, քանի որ մենք` եւ նախագահը, եւ բոլորս բազմաթիվ առիթներով ասել ենք, որ մեր գերակա խնդիրն է եվրոպական ընտանիքում ինտեգրվելը: Նոր Ընտրական օրենսգիրք ունենալու պայմաններում ընտրություններ լինեն շատ թափանցիկ, ազնիվ եւ արդար: Եթե չլինեն, ապա այս չորս տարիների աշխատանքները լցվելու են ջուրը:
Եվ ես նաեւ այս քայլով որոշ իմ կուսակից ընկերների, որոշ քաղաքական գործիչների համար ուզում եմ օրինակ ծառայել, որ պաշտոնին, աթոռին կառչած չեմ, եւ ինձ համար դա ինչ-որ տեղ չափանիշ չէ, որ լինեմ ՀՀԿ անդամ կամ դրանով չէ, որ ես պետք է նախագահին նվիրված լինեմ»:
Հովիկ Աբրահամյանը նաեւ նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ հաղթանակի դեպքում ինքն ակնկալում է կրկին ստանալ ԱԺ նախագահի պաշտոնը: «Եթե մենք կարողանում ենք հաղթել Ազգային ժողովի ընտրություններում, պարզ է, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու։ Եվ ես գտնում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե իր հրաժարականը կապվում է իր եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ եղած մտերիմ հարաբերությունների հետ, ԱԺ նախագահն ասել է. «Ինչ վերաբերում է Քոչարյանի եւ իմ հարաբերություններին՝ Քոչարյանի հետ ամենասերտ հարաբերություններն ունի Սերժ Սարգսյանը, այնպես որ դուք այդ հարաբերությունների մասին խոսեք։ Ես ընդհանրապես իրենց հարաբերությունների մեջ ոչ մտել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ մտնելու, եւ դա որեւէ կապ չունի Աբրահամյան Հովիկ-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների հետ։ Ես ներկա, գործող այս թիմի հետ եմ, եւ իրենց հետ էլ գնալու եմ մինչեւ վերջ, ինչի՞ մասին է խոսքը։ Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահ եղած տարիներին եւ հիմա էլ։ Այնպես որ սա կապ չունի մեկը մյուսի հետ։
Ես բանակ, ճամբար փոխող մարդ չեմ եւ աթոռից կառչելով չեմ ուզում կարեւորեմ իմ դերակատարությունը։ Կուսակցությունն է ինձ առաջարկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, եւ ես համաձայնել եմ։ Հիմա ինքը որ առաջարկում է սա՝ ես գտնում եմ, որ սա շատ կարեւոր է։ Ես հասկանում եմ, թե դա ինչ պատասխանատվություն է եւ կուսակցությունը ինձանից ինչ ակնկալիք ունի։ Ես շատ բարձր եմ գնահատում կուսակցության առաջարկը, որ ես ղեկավարեմ շտաբը։ Դա պատասխանատվություն եւ վստահություն է, առաջինը՝ վստահություն ինձ համար»:




























