Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նախընտրելի թեկնածու չունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ՀՀԿ-ում բազմաթիվ մարդիկ կան, որ կարող են զբաղեցնել այդ պաշտոնը:

«Ես մտածում եմ` անշնորհակալ կլինի` որեւէ մեկի անունը ասելը, քանի որ թեկնածուները քիչ չեն: Ինչպես կորոշի ուժեղ քաղաքական ուժը, նա էլ կընտրվի Ազգային Ժողովի նախագահ»,- նշեց Բոստանջյանը:

Վերջինս արտառոց չի համարում Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: «Մեր առաջատար քաղաքական ուժն է հանրապետականը, երեւի մոտակա ընտրությունների համար, ենթադրում եմ, որ նախագահի կողմից Արգամիչին առաջարկվել է շտաբի ղեկավարի գործառույթները: Պայմանավորված այս հանգամանքով, որ քաղաքական ուժերի պայքար է ընթանալու, ցանկալի է, որ խորհրդարանի խոսնակը ազատ լինի իր գործառույթներից եւ ամբողջությամբ նվիրվի այն գործունեությանը, որը ինքնստինքյան բարդ եւ ծավալուն է»,- ասաց Բոստանջյանը:

Դիտարկմանը, որ 2007-2008-ին էլ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ էր ու համատեղում էր շտաբի պետի գործառույթների հետ, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, որ այն ժամանակ նա չէր հանդիսանում քաղաքական մարմնի ղեկավար: «Բոլոր այլ պարագաներում ցանկալի է, իսկ քաղաքական մարմնի ղեկավարը, ինչ պաշտոն էլ լինի, ցանկալի չէ: Ավելի տրամաբանական է: Պայմանավորված այն հանգամանքով, որ մեծ աշխատանքներ պետք է իրականացվեն, երեւի չկարողանա երկու աշխատանքները զուգահեռել, դրա համար է հրաժարական ներկայացրել»,- նշեց Բոստանջյանը: Նա նաեւ տարակուսելի չի համարում, որ հրաժարականը տրվել է ընտրություններից կես տարի առաջ. «Կարծում եմ, որ քիչ ժամանակահատված է մնացել»: