Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` նոյեմբերի 2-ի նիստում, որոշում է կայացրել վարչական վարույթներ հարուցել բնական հյութեր ներմուծող եւ արտադրող մի շարք տնտեսվարողների նկատմամբ:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «առանց շաքարի» գրառումը պարունակող մի շարք հյութերում առկա է ավելացված շաքարի մեծ քանակություն: Կան հյութեր, որ պատրաստված են իրականում ավելի էժան մրգատեսակներից, սակայն համային տարբեր նյութերի կիրառման միջոցով իրացվում են ուրիշ մրգատեսակների անվան տակ: Օրինակ բացահայտվել են դեպքեր, երբ «100%-անոց նարնջի հյութ» անվանումը կրող հյութը պարունակում է խնձոր: Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ «100%-անոց բնական հյութ» անվանումը կրող հյութերը բացված են ջրի մեծ քանակությամբ, առկա են այլ նյութեր, որոնց դեպքում արդեն տվյալ հյութը չի կարող կոչվել բնական հյութ: Կան նաեւ դեպքեր, երբ հյութի վրա նշված է առանց կոնսերվանտների, սակայն դրանք իրականում պարունակում են որոշակի տեսակի կոնսերվանտներ:
Այսպիսով մի շարք տնտեսվարողներ սպառողներին մոլորեցնելու եւ խաբելու միջոցով դրսեւորում են անբարեխիղճ մրցակցություն`շուկայում ստանալով մրցակցային առավելություներ:




























