Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` նոյեմբերի 2-ին, հանդիպել է Եվրոխորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական (ժողովրդականներ, պահպանողականներ եւ ռեֆորմիստներ, սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ) պատվիրակության հետ` Միլան Ցաբրնոխի ղեկավարությամբ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում առաջին նախագահն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, նշելով ինչպես նախագահի, այնպես էլ Ազգային ժողովի ոչ օրինակարգությունը, մասնավորապես 76 պատգամավորների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստը: Մատնանշվել է երկրում հաստատված համակարգային կոռուպցիան` դրանից բխող բոլոր հետեւանքներով, որոնք են իրավական պետության եւ ժողովրդավարական ազատությունների բացակայությունը, ինչպես նաեւ կեղծված ընտրությունները:
Պատվիրակության անդամների խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել Հայաստանում մամուլի ազատության վիճակին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը:




























