Իսրայելի Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ ցանկանում է Կնեսետի ամենամյա խորհրդարանական նստաշրջան անցկացնել, որպեսզի նշի Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է «Asbarez»-ը: «Դա իմ պարտքն է որպես հրեայի եւ իսրայելցու` ճանաչել այլ ժողովուրդների ողբերգությունը»,- ասել է Ռիվլինը:
Նա հավելել է, որ դիվանագիտական նկատառումները, որքան էլ կարեւոր դրանք լինեն, չպետք է խանգարեն ճանաչելու այլ ժողովրդի ողբերգությունը:
Վերջին տարիներին վարչապետի գրասենյակն ու արտգործնախարարը ուժեղ ճնշում են գործադրել, որ կանխեն Կնեսետի նման նստաշրջանները` մտավախություն ունենալով, որ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կարող են փչանալ:
Անցած շաբաթ Կնեսետը առաջին անգամ ամբողջ կազմով հավանություն էր տվել այդ հարցով բաց, թափանցիկ նիստ անցկացնելու հարցին` «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավի գալյոնի առաջարկով:
Ցեղասպանության հարցերը քննարկվելու են Կնեսետի համապատասխան հանձնաժողովներում առաջիկա շաբաթների ընթացքում:




























