Պատգամավորների առեւտրային գործունեությունը հայկական խորհրդարանի ներքին խնդիրն է: Այսպիսի միտք է հայտնել Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրոպական ժողովրդական կուսակցություն` Եվրոպական ժողովրդավարներ» (EPP - ED) խմբակցության անդամ Միլան Ցաբրնոխը NEWS.am-ի թղթակցին:
Մեկնաբանելով Եվրախորհրդարանի պատվիրակության եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների եւ դրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ երեկ տեղի ունեցած հանդիպումը` չեխ պատգամավորը նշեց. «Մենք ողջունում ենք մեզ տրամադրած տեղեկատվությունը, իբրեւ հայ հասարակության կյանքի ընդհանուր պատկերի մի մաս: Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել»:
Այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը ներկայացրել է 76 պատգամավոր-գործարարների ցուցակը, Ցաբրնոխը պատասխանել է, որ նման թեմա շոշափվել է, բայց ցուցակ, որպես այդպիսին, չի ներկայացվել: «Նշվեց, որ մի շարք պատգամավորներ բիզնեսով են զբաղվում, բայց դա հայկական խորհրդարանի ներքին խնդիրն է: Եվրոպական տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ կան այդ հարցի նկատմամբ: Եվրախորհրդարանի խնդիրը չէ դատողություններ անել ամեն մի երկրի եւ դրանց Սահմանադրության վերաբերյալ», - ասել է պատգամավորը:
Ի պատասխան հարցին, թե արդյոք Չեխիայում թույլատրվում է համատեղել գործարարությունն ու պատգամավորական գործունեությունը, Ցաբրնոխը նշեց, որ համատեղումը միանշանակ թույլատրվում է` բիզնեսի հայտարարագրման պայմանով. «Մենք ունենք բժիշկներ, փաստաբաններ, ընկերությունների ղեկավարներ, ովքեր ընտրվում են պատգամավոր: Դա միանգամայն բնականոն եւ օրինական է: Ճիշտ մոտեցում չեմ համարում հաջողակ գործարարներին քաղաքականությունից հեռացնելը», - հավելեց եվրոպացի պատգամավորը:




























