Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 29-ին հանկարծամահ եղած Արմեն Մողրովյանն առողջ է եղել: Այդ մասին այսօր` նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ինքը տվյալ պահին եղել է առողջ վիճակում, իրեն ընտրել են, որ սերժանտական կուրսեր անցնի եւ դառնա ջոկի հրամանատար: Հաշվառված է եղել զորամասում լավագույն զինվորների շարքում, հանկարծամահ է եղել, ի՞նչ կարող ենք անել: Բանակում փոքր վիրահատություն տարել է, որից հետո առողջ է եղել, աբսալյուտնա»,- նշել է նախարարը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նրա մահը չի նշանակում, որ ոչ առողջ զինվորներին են զորակոչում բանակ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Գոյություն ունի բժշկական հանրապետական հանձնաժողով, որի աշխատանքը շատ խիստ վերահսկողության տակ է, եւ իմ կողմից, եւ առողջապահության նախարարի, եւ հանրապետության իրավապահ մարմինների կողմից: Բազմաթիվ անգամ մենք իրականացրել են համատեղ միջոցառումներ: Եթե բացթողումներ իրականացրել ենք, համապատասխան քայլեր ենք կատարել: Եռաստիճան բուժզննում են անցնում մեր զինծառայողները»:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հոկտեմբերի 29-ին, 17:40-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկի տարածքում գտել են 19-ամյա Արմեն Համլետի Մողրովյանի դիակը: Վերջինս բանակ էր զորակոչվել Արթիկի զինկոմիսարիատից: ՊՆ-ի պաշտոնական վարկածով, զինվորը հանկարծամահ է եղել եւ կատարված դիահերձման արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթների շրջանառության սուր խանգարման հետեւանքով: Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պնդմամբ, զինվորի դիակի վրա բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել:



























