Անահիտ աստվածուհու արձանի՝ Հայաստանում ցուցադրության մասին հաղորդագրությունն առաջինը տարածել էր Զբոսաշրջության կոմիտեն, եւ մի քանի ժամ անց «ջնջել» այն։ Մեզ կոմիտեից չպարզաբանեցին, թե ինչո՞ւմն էր խնդիրը. դրանից մի քանի ժամ անց հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ-ն։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է
««Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ». ցուցադրություն՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ
Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվորեն համագործակցում է Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։
Դեռևս 2018 թվականին Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ցուցադրվել են 10 բացառիկ ցուցանմուշներ։
2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․)։
Ցուցադրության բացման շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ: Մասնավորապես Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի և թանգարանի այլ պատասխանատուների հետ հանդիպումներ են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության հեռանկարներն ու նոր հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ցուցադրությունների կազմակերպման շարունակականության ապահովումը:
Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․ ): Առաջին անգամ այս մասունքային նշանակության ցուցանմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուշագրավ ցուցանմուշների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։




























