Հայաստանի զինված ուժերը բաց են հասարակության, ժողովրդի առջեւ: Այդ մասին այսօր` նոյեմբերի 3-ի, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով օրերս արած իր հայտարարությունը, թե խստորեն պատժվելու են բանակը վարկաբեկողները:
«Ովքեր ուզում են մեզ օգնել, մենք իրենց ընդառաջում ենք, ովքեր ուզում են այն իրավիճակում, որ մերթընդմերթ լինում է բանակում, աջակցել, մենք իրենց հետ աշխատում ենք: Մենք աշխատում ենք ցանկացած հասարակական կազմակերպության հետ, օրինական դաշտում:
Բայց երբ իրոք լինում են հերյուրանքներ, անձնական վիրավորանքներ, հակաօրինական քայլեր, այդդպիսի կազմակերպությունների հետ մենք փորձում ենք աշխատել օրինական դաշտում»,- ասաց նախարարը:
Վերջինիս կարծիքով, հասարակական կազմակերպությունների եւ մի շարք անձանց կողմից բանակը վարկաբեկելուն միտված քայլեր եղել են: Անուններ, սակայն, նախարարը, չտվեց, իսկ հարցին, թե ինչպես է վարվելու այդ դեպքերում, ասաց. «Միթե կարծում եք` ես կփորձեմ հակաօրինական քայլեր կատարել»:




























