Թռչկանի ջրվեժի տարածքը կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից, այսօր` նոյեմբերի 3-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Կառավարության որոշմամբ, համապատասխան հանձնարարականներ տրվեցին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, որպեսզի բոլոր համաձայնություններն ի կատար ածվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

Վարչապետը հատուկ շնորհակալություն հայտնեց Կայուն զարգացման ազգային խորհրդի աշխատանքներին մասնակցած բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներին` Կարինե Դանիելյանին եւ «Բուրգ» բնապահպանական հ/կ-ի ղեկավար Արման Վերմիշյանին, որոնք հետեւողականորեն բարձրացնում են բնապահպանական խնդիրներ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ջրվեժի մերձակա տարածքի հողերի կատեգորիան կփոխվի` արդյունաբերական նշանակությունից կվերածվի բնության հատուկ պահօպանվող տարածքի:

Ինչ վերաբերում է «Ռոբշին» ընկերությանը, որն ուներ թույլտվություն ՀԷԿ կառուցելու եւ շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ, ապա նախարարը չբացառեց, որ կքննարկվի նաեւ այդ ընկերությանը փոխհատուցում տրամադրելու հարցը: