Բոլոր անձինք, ովքեր հեռացել են զբաղեցրած պաշտոններից, տեղափոխվել են այլ աշխատանքի, այնպես որ տեղի ունեցածը պետք է դիտարկել որպես կադրային վերադասավորումներ, որոնք միտված են նախընտրական շրջանում երկրի արդյունավետ կառավարմանը: Այդ մասին այսօր` նոյեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը:
«Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան շատ կլինեն փոփոխություններ, այդ թվում` կադրային վերադասավորումներ: Սակայն կադրային վերադասավորումները մինչեւ ընտրությունները հնարավոր են, բայց ոչ պարտադիր»,- ասել է Պետրոսյանը` կոչ անելով լրագրողներին զերծ մնալ «հրաժարականների եւ պաշտոնանկությունների նոր ալիք» տիպի ձեւակերպումներից:
Ըստ Պետրոսյանի, ներկայումս ոստիկանության ղեկին պետք է լինի ավելի կոշտ մարդ, ով համապատասխան փորձ ունի, կարող է կանխել բախումները եւ պահպանել հասարակական կարգը: Այդ նպատակների համար ավելի հարմար է Վլադիմիր Գասպարյանը:
Պետրոսյանը նաեւ նկատել է, թե շատ են խոսվում նոր պաշտոնանկությունների մասին, սակայն դրանք ավելի շուտ «ժողովրդական շշուկներ» են: Չնայած դրան, ինքը` Պետրոսյանն էլ չի բացառել նոր կադրային վերադասավորումները` նկատելով, որ տվյալ փուլում այդ հարցը չի քննարկվել: Լրագրողների դիտարկմանը,թ ե խոսվում է 12 պաշտոնյաների պաշտոնանկության մասին, Պետրոսյանն ասել է. «12-ը ոչ, բայց 2-ը հնարավոր է»: Հարցին, հնարավոր է, որ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին էլ պաշտոն տան, Պետրոսյանն ասել է. «Եթե ծառայի կուսակցությանը, հետո իրեն ավելի լավ կլինի»:




























