Հովիկ Աբրահամյանը Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարն էր նախորդ ընտրությունների ընթացքում եւ կազմակերպչական գերազանց ունակություններ դրսեւորեց: Այս մասին նոյեմբերի 3-ին մամլո ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը:
Ըստ Պետրոսյանի` այս պահին խորհրդարանի գործունեությունը հարթ է ընթանում, այն ակտիվ աշխատում է, օրակարգն արդեն ընդունվել է, եւ օրենսդիր մարմինը կարող է հանգիստ աշխատել խոսնակի տեղակալի ենթակայությամբ: Լրագրողների հարցին, թե ինչու, հաշվի առնելով վերոնշյալները, Աբրահամյանը որոշել է հրաժարական տալ, այլ ոչ թե համատեղել պարտականությունները, Պետրոսյանը նշել է, որ նախընտրական շտաբի պետի պաշտոնը մեծածավալ աշխատանք է պահանջում եւ շատ ժամանակատար է: Թե ինչու նախորդ ընտրությունների ժամանակ Աբրահամյանը հրաժարական չտվեց տարածքային կառավարման նախարարի պաշտոնից, Պետրոսյանը բացատրեց նրանով, որ նախարար եղած ժամանակ Աբրահամյանը շատ փոխարինողներ ուներ: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Աբրահամյանի հրաժարականը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդկանց հեռացնելու ձգտում չէ, Պետրոսյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը Քոչարյանին նույնքան է մոտ, որքան Սերժ Սարգսյանին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է ղեկավարելու խորհրդարանը մինչեւ ընտրությունները, Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ այդ պաշտոնին կարող է հավակնել ցանկացած պատգամավոր, ով ունի համապատասխան փորձ եւ գիտելիքներ: Այդպիսի պատգամավորների թիվը, ըստ Պետրոսյանի, մոտ երկու տասնյակ է: Ռաֆիկ Պետրոսյանը համաձայնեց այն կարծիքին, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարմար թեկնածու է: Միեւնույն ժամանակ, Ռաֆիկ Պետրոսյանը բացառեց իր թեկնածությունը:




























