Թուրքական զինուժի կողմից Չուքուրջայի Քազանի հովտում քուրդ զինյալների դեմ իրականացրած գործողության հետ կապված PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայլանը պատասխանել է Firat գործակալության հարցերին։

Քարայլըանը պնդել է, թե թուրքական զինուժը գնացել է ստոր մեթոդների՝ PKK-ի զինյալների դեմ օգտագործելով միջազգային օրենքներով արգելված քիմիական զենքեր։ «Թուրքական բանակը հայտնվել է ամոթալի վիճակում։ Դա ուժ չէ, այլ՝ անզորություն եւ անճարություն։ Թուրքական բանակը քիմիական զենք օգտագործելով ցույց տվեց, թե ինչ անզոր վիճակում է գտնվում»,-նշել է Քարայըլանը։

Նշենք, որ Թուրքիայի խորհրադարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները եւս պնդում են, որ Քազանի հովտում քուրդ զինյալների դեմ քիմիական զենք է կիրառվել։ Մալաթիայի պետական հիվանդանոցի դիահերձարանում գտնվող PKK-ի զինյալների դիակները չեն հանձնվում հարազատներին։ Քուրդ գործիչները պնդում են, որ նրանց մարմիններն այլանդակված են, որի պատճառով իշխանությունները հրաժարվում են դիակները հանձնել հարազատներին։