«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելը որեւէ փոփոխություն չի մտցնում առարկայի բովանդակության մեջ, այլ ընդամենը կօգնի ավելի հստակ ձեւակերպել նրա նպատակները։ Այս մասին Ազգային ժողովում,  «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրինագծի եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, փետրվարի 6-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա, մասնավորապես, անհանգստություն է հայտնել այն առիթով, որ որոշ դասագրքեր այս փուլում չեն նպաստում սովորողների շրջանում պետական մտածողության ձեւավորման գործընթացին։ Նախարարի կարծիքով՝ պատմության դասավանդումը պետք է կառուցվի պետական ինքնության գաղափարի շուրջ։ «Իսկ առարկայի անվանման փոփոխությունը կարող է օգնել այդ մոտեցման ամրապնդման գործում»,- կարծում է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այս հարցը այսօր չի առաջացել եւ բազմիցս քննարկվել է մասնագիտական շրջանակներում։ «Ես եկել եմ այն եզրակացության, որ առարկայի անվանումը մասնագիտական ոլորտի հարց չէ։ Դասավանդվող առարկան պետք է կոնկրետ նպատակ ունենա։ Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, եւ մեր դպրոցներում պետք է անցնեն հենց «Հայաստանի պատմություն»,- ամփոփել է նախարարը։