Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Սերժ Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է տարանջատել ՀՀ փոխվարչապետի ինստիտուտը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից:

«Բանն այն է, որ այսպիսով Սերժ Սարգսյանը լուծում է Արմեն Գեւորգյանի խնդիրը.նա շարունակում է մնալ որպես փոխվարչապետ, այսինքն` մեկը կառավարությունում, ով հասկանում է իր գործից եւ տիրապետում է այդ գործին որպես բարձր պրոֆեսիոնալ: Զուգահեռաբար լուծվում է երկրորդ խնդիրը.թաղապետների, մարզպետների, քաղաքապետների եւ գյուղապետների, այսինքն` տարածքային կառավարման մարմինների գործունեությունը նախընտրական այս շրջանում կորդինացնում է մեկը, որ կարող է նրանց հետ խոսել այլ դիրքերից եւ այլ մակարդակի շրջանակներում: Եթե ասենք, որ խոսքն այս պարագայում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին է, ապա պարզ կլինի, թե ինչ նկատի ունենք: Գագիկ Բեգլարյանն իր տեսակով չի կարող փոխվարչապետ լինել, բայց տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին նախընտրական փուլում հօգուտ ՀՀԿ-ի «աշխատեցնել» նա կարող է: Այնպես որ, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ անի` գնա ստրուկտուրալ փոփոխությունների, որի արդյունքում` փոխվարչապետ կշարունակի մնալ Արմեն Գեւորգյանը, իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարար կնշանակվի Գագիկ Բեգլարյանը` դարնից բխող բոլոր հետեւանքներով»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: