ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հրաժարականը եւ նախընտրական շտաբում ընդգրկվելու լուրն անսպասելի է եղել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համար, որը պատրաստվում է թողնել ներկա պաշտոնը եւ ղեկավարել ՀՀԿ նախընտրական շտաբը: Թերթը զրուցել է պարոն Աբրահամյանի հետ, ներկայացնենք զրույցից մի հատված.

Պարոն Աբրահամյան, տեսակետ կա, որ Միքայել Մինասյանը գալիս է Ձեզ վերահսկելու,եւ իրականում ինքն է ղեկավարելու շտաբը: Դուք դրան ո՞նց կվերաբերվեք:

Դե, դրանք հերյուրանքներ են: Ոչ մի բան չկա շտաբի ղեկավարին վերահսկելու: Ընդհանրապես իմ աշխատանքները միշտ թափանցիկ են եղել: Համարում եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, ուղղակի հերյուրանքներ են: Ես համոզված եմ, որ Մինասյանը գալիս է լավ մտքով, օգնելու, աջակցելու, եւ մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, եւ ես առաջարկելու եմ իրեն լինել շտաբի ղեկավարի առաջին տեղակալ: Այսինքն ես ի՞նչ եմ անում, որ մտահոգություն ունենամ, որ որեւէ մեկը ցանկություն ունի ինձ վերահսկելու:

Այսինքն, մտահոգություն չունե՞ք, որ գալիս են Ձեզ վերահսկելու:

Դե, ժողովրդական խոսք կա` եթե դուք արդար եք, ինչի՞ եք մտահոգվում, որ գալիս են ձեզ վերահսկելու: Բայց ես համոզված եմ, որ պարոն Մինասյանը գալիս է ինձ օգնելու:

Պարոն Աբրահամյան, անգամ ասում են, որ հրաժարականից հետո ավելի շուտ միգուցե համալրեք ԲՀԿ շարքերը, քան աշխատեք Միքայել Մինասյանի աչալուրջ հսկողության ներքո:

Դե հիմա: Դուք ինչ ուզեք` կասք, ես իմ պատկերացումը, մոտեցումը Ձեզ ասեցի, ոչինչ չունեմ ավելացնելու: