Բյուջեն բխում է այն իրավիճակից եւ այն սպասումներից որոնք կան: Այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, հավելելով, որ, իսկապես, անհանգստությունները մեծանում են եւ բոլոր զարգացած երկրները վերանայել են տնտեսական աճի սպասելիքները:

«2012-ը տնտեսության համար բարդ տարի է լինելու: Մենք աշխարհի հետ ենք, բայց, ցավոք, նայում ենք մեկ ուղղությամբ` դեպի Ռուսաստան, իսկ Ռուսաստանի իրողությունները ազդում են մեզ վրա: Ռուսաստանն էլ ակնկալիքներն իջեցրել է»,- ասաց նա:

Բագրատ Ասատրյանը հույս հայտնեց, որ առաջիկա տարվա ընթացքում ֆինանսական հոսքերի կայուն աճ կունենանք եւ 2012-ին մասնավոր տրանսֆերտների մակարդակը կհասնի նախաճգնաժամային իրավիճակին:

«Հաջորդ տարվա բյուջեի մասով ասեմ, մենք մի քիչ վաղ սկսեցինք քննարկումները, որ դեռ կառավարությունը մինչեւ վերջ չի բացել խաղաքարտերը:

Ծրագրում են գնաճի կայունացում մինչեւ 4 տոկոս, եւ տնտեսական աճ:

Գալիք տարում աճի առանցքը պետք է կազմի արդյունաբերական աճը, մինչդեռ կրկին իշխանությունները նախատեսում են աճն ապահովել շինարարության մասով»,- նշեց տնտեսագետը:

«Իմ ասածն իրականություն է դառնում, 4-5 տոկոս տնտեսական աճ, եւ բարձր գնաճ: Իմ ձեռքին են վերջին տվյալները 8 տոկոսից ավելի գնաճ է արձանագրվել:

Սպառողական գների աճը 10,2 տոկոս է, պարենային ապրանքների գների աճը կազմել է 13,5 տոկոս: Սոցիալապես անապահով խավերի համար սա հատկապես ծանր է»,- ամփոփեց Ասատրյանը: