Մեր հասարակության ամենամեծ պրոբլեմներից մեկը սոցիալական բեւեռացման ծայրահեղ մակարդակն է: Այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով, հարկային քաղաքականության մեջ ամենակարեւորը արդարության գործոնն է: «Եթե քաղաքացին համարի, որ հարկատեսակն արդարացի է եւ տարածվում  է բոլորի վրա, նա կվճարի: Չեմ ասում, որ մարմնավաճառներին պետք է ներառել ՀՆԱ-ի մեջ եւ հարկել, բայց ստվերի հարցը պետք է լուծել»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը:

Անդրադառնալով փաստին, որ 2012 թվականի պետական բյուջեի նախագծում 100 մլրդ դրամով ավելացել են հարկային եկամուտները, ինչը նշանակում է, որ հարկային մարմինները պետք է 100 մլրդ դրամ ավելի շատ հարկ հավաքեն, ԿԲ նախկին ղեկավարն ասաց. «100 միլիարդ դրամը փոքր թիվ չէ, բայց այդքան էլ անհնար չէ այն հավաքագրելը, ելնելով նրանից, որ մեծ խնդիր չի դրվում հարկերի հավաքման իմաստով: 100-ից 55-60 կախված է եկամուտների աճից, ինֆլյացիայից: Մյուս 40 միլիարդ դրամի մի մասն ընկնում է ակցիզային հարկերի եւ այլ հարկատեսակների վրա»:

«Իրավիճակը փոխվել է, Հայաստանը հինգ տարի առաջվա երկիրը չէ: Մեր հարեւան Վրաստանը, որ մեզնից ավելի վատ վիճակում էր, 4-5 տարում մեզնից առաջ է գնացել տնտեսության մասով: Իշխանությունները պետք է դնեն ու լուծեն այս խնդիրները, այլապես մենք հետ ենք մնալու զարգացումից»,- ամփոփեց Բագրատ Ասատրյանը: