«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը երախտիքի խոսք է հղել դժվարին և տառապալից օրերին իրեն զորավիգ կանգնողներին։

Facebook-ի իր էջում տեսաուղերձում, նա մասնավորապես, նշել է. «Օրերս ազատվեց 2 տարի 8 ամիս տեւած մղձավանջը, որի ընթացքում ինձ մեղադրում էին ազատ խոսքի համար: Կայացվեց դատավճիռ, որին չեմ ուզում անդրադառնալ ու որակել: Փոխարենն ուզում եմ իմ երախտիքի խոսքն ասել այդ դժվարին ու տառապալից օրերին ինձ  զորավիգ կանգնողներին: Իմ ընտանիքին՝ կնոջս, զավակներիս, որոնք ինձ հետ հավասար, գուցե նաեւ ավելիկրեցին զրկանքներ, բայց արժանապատվորեն հպարտ կեցվածքով ու բարձր գլխով:

Երբեք չեմ մոռանա 11-ամյա դստերս արցունքները, երբ իմացավ, որ հայրը կալանավորված է եւ չեմ ներելու:

Ինձ հետ միասին դժոխքի ոլորապտույտներն անցած եւ արդեն ինձ հարազատ հոգեւոր եղբայր դարձած իմ փաստաբանին՝ Էրիկ Ալեքսանյանին: Էրիկը բարձրագույն որակավորման պրոֆեսիոնալ է, որը փայլում է նաեւ իր բարոյական եւ մարդկային որակներով: Շնորհիվ Էրիկի, համապարփակ եւ խորը մմասնագիտական գիտելիքների մեզ հաջողվեց հասնել այս արդյունքին: Էրիկ ջան, եղբայրս, երախտապարտ եմ:

Իմ ընկերներին եւ համախոհներին, որոնք ինձ չլքեցին իմ կյանքի սեւ շրջանում: Դա յուրահատուկ փորձություն էր, որը ցավոք,  ոչ բոլորը հաղթահարեցին, իսկ հաղթողներն ավելի բյուրեղացան ու մնացին անբասիր ու անապակ:

Խոնարհումս բարձրյալին, որ ինձ պարգեւել է հավատք, հայրենիք, ընտանիք, ընկերներ եւ Էրիկ Ալեքսանյան»,- նշել է Արմեն Չարչյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝  փետրվարի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Ա.Չարչյանին վերագրվող հացանքի կատարման մեջ  և դատապարտեց ազատազրկման չորս տարի ժամկետով։ Հաշվի առնելով Չարչյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը 3 տարի 7 ամիս 10 օր ժամկետով։ Դատարանը սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությամբ՝ «Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իզմիրյան» բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»: