Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն իր հնարավոր հրաժարականի մասին: «Ասում եք, թե առանց ինձ սկսել են իրերս հավաքել: Տարբեր բաներ կարող են խոսել, բայց ոչ ամեն ինչ կարող է համապատասխանել իրականությանը, ինչ-որ բան էլ պարզապես ֆանտազիա է: Եթե առանց ինձ իրերս հավաքեին, ես նկատած կլինեի»,- ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքով, այդ լուրերն անհիմն են: «Չգիտեմ, թե որտեղից են դրանք հայտնվել եւ ինչպես: Միգուցե, մի քանի օր գործուղման մեջ էի կամ բացակայել եմ կուսակցության ժողովից (Արթուր Պետրոսյանը նախարար է նշանակվել «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով-խմբ.), դրանից հետո սկսել են ենթադրել, որ շուտով պաշտոնանկ եմ արվելու»,- ասել է Պետրոսյանը: Նա կտրականապես հերքել է լուրերը, թե իր պաշտոնանկության որոշումը կայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Մենք եկել ենք միասնական թիմով, այդպես էլ կգնանք»,- ասել է նախարարը: