Անցած տարիներին Հայաստանում ձեւավորվել է նոր գիտություն` «ժառանգագիտություն», որի հիմնադիրների արհեստավարժությունը կասկածներ է հարուցում: Այդ մասին, այսօր` նոյեմբերի 4-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով որոշ մասնագետների հայտարարությունները, թե «Ժառանգությունը» շանսեր չունի հաջողության հասնելու առաջիկա ընտրություններում:
Պատգամավորը նկատել է, թե լուրջ չի համարում հեռուստացույց դիտելու արդյունքում ձեւավորված կանխատեսումները. «Ներկայումս շատերն իրենց քաղտեխնոլոգներ են ներկայացնում, թեեւ իրականում համապատասխան կրթություն չունեն եւ երբեք չեն մասնակցել համապատասխան գործընթացների: Մենք մշտապես լսում ենք նույն կանխատեսումներն այս տարիներին, բայց ինչի՞ հիման վրա են արվում դրանք»:
Ըստ պատգամավորի, վերջին քաղաքական գործընթացները, ընդհակառակը, ամրապնդել են «Ժառանգություն» կուսակցության դիրքերը, քանի որ որոշակի վակուում են առաջացրել երկրի քաղաքական դաշտում. «Վերադասավորումների արդյունքում ՀՀԿ-ում դժգոհների որոշակի զանգված, ինչը մի կողմից թուլացնում է հանրապետականների դիրքերը: Բացի այդ, մշտապես շրջանառվող լուրերը կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու մասին, եւ այդ ուղղությամբ ԲՀԿ-ի իրական քայլերի բացակայությունը բացասաբար են ազդում կուսակցության հեղինակության վրա: Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքներն ու հայտարարությունները եւս վկայում են կոնգրեսի դիրքերի թուլացման մասին»:
Սաֆարյանը նշել է, որ կուսակցությունը չի քննարկել դաշինքների կազմով ընտրություններին մասնակցելու հարցը:




























