Լեհաստանում Պրահյան գործընթացի «Միգրացիոն գործընկերության կառուցում» նախարարական երկրորդ համաժողովի շրջանակում Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի միգրացիայի եւ ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրոմի հետ: NEWS.am-ին Տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ կողմերն արդյունավետ աշխատում են «ՀՀ կառավարության եւ Շվեդիայի Թագավորության կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի շրջանակում:
Կարեւորվել է այս տարվանից Հայաստանի մասնակցությունը Սոդերկոպինգի գործընթացին, որը մեկնարկել էր 2001թ-ին` Շվեդիայի ԵՄ-ում առաջին նախագահության ընթացքում: Կողմերը փաստել են, որ դա հնարավորություն կընձեռի Հայաստանի ներկայացուցիչներին մասնակցելու գործընթացի շրջանակներում կազմակերպվող ինչպես ազգային համակարգողների հանդիպումներին, այնպես էլ տարբեր թեմատիկ սեմինարներին: Հետագա համագործակցության խորացման համատեքստում կողմերն անդրադարձել են 2011թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված հռչակագրին: Կողմերը կարեւորել են նաեւ Եվրամիության «Թվինինգ» գործընթացի շրջանակում 2012թ-ից մեկնարկող ծրագրի իրականացումը, որի նպատակն է աջակցել Հայաստանին կատարելագործելու միգրացիայի կառավարման համակարգը` այն համապատասխանեցնելով ԵՄ չափանիշներին:




























