Հովիկ Աբրահամյանի խորհրդարան գալուց հետո Օրենսդիր մարմինը ինքնուրույնության նշաններ էր ցույց տալիս: Այս մասին նոյեմբերի 4-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով` կառավարության օրենսդրական շատ նախագծեր հետ էին ուղարկվում կամ զգալի փոփոխությունների ենթարկվելուց հետո էին ընդունվում: Սակայն, ըստ Սաֆարյանի, այժմ գլխավոր առաջադրանքը այնպիսի իրավիճակ ապահովելն է, որի դեպքում բյուջեի նախագծի դեմ քննադատություն չի հնչի, կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերը հետ չեն ուղարկվի:
Ինչպես նշեց Սաֆարյանը, Հայաստանի նախագահին խորհրդարանի խոսնակի պաշտոնում անհրաժեշտ է վերահսկելի մարդ ունենալ, քանի որ, ինչպես ցույց տվեց 1998 եւ 2008թթ. փորձը, խորհրդարանի դերը որոշակի իրավիճակներում չափազանց կարեւոր է դառնում: Այս տեսանկյունից, խորհրդարանի խոսնակի պաշտոնի լրատվամիջոցների հիշատակած երեք թեկնածուներն էլ` Դավիթ Հարությունյանը, Գալուստ Սահակյանը եւ Սամվել Նիկոյանը, հարմար են նշված դերը կատարելու համար, կարծում է Սաֆարյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչի հետ էր կապված նախագահի փեսայի` նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի հրաժարականը, Սաֆարյանը նշեց, որ տվյալ դեպքում դա վստահության խնդիր է: Ըստ Սաֆարյանի`Միքայել Մինասյանը աշխատելու է գնում ՀՀԿ նախընտրական շտաբում, որպեսզի անսպասելի դիրքորոշումների ի հայտ գալուց խուսափեն: Ընդհանուր առմամբ, ըստ Սաֆարյանի, նախագահն իր գործողություններով փորձում է ավելի միատարր թիմ ձեւավորել, իսկ դա ենթադրում է հանրապետականների շրջանում ձեւավորված «հակավարչապետական թեւի» թուլացում: Տարաձայնությունների կամ վարչապետի աթոռի նկատմամբ հավակնությունների առկայությունը Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերում կարող է օգտագործվել երրորդ ուժերի կողմից, առաջին հերթին` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Հենց նման գործոնը բացառելու համար էլ Սերժ Սարգսյանը ձգտում է այնպիսի թիմ ձեւավորել, որի գործողությունները առավելագույնս վերահսկելի կլինեն:
Հիշեցնենք, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 14-ին հրաժարականի դիմում կներկայացնի:




























