Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի թեմի առաջնորդ Պսրգեւ Սրբազանն այսօր` նոյեմբերի 4-ին, այցելել են Հայաստանի ԱՄՆ դեսպանատուն` վիզա ստանալու: Մամուլում տարածված այս տեղեկությունները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ նախագահն ու հոգեւոր առաջնորդը այցելել էին դեսպանատուն` մուտքի վիզա ստանալու համար:
Հարցին, թե ինչո՞ւ են նրանք մեկնում ԱՄՆ, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ գնում են մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնին: Իսկ թե ե՞րբ կմեկնեն նրանք ԱՄՆ, Դավիթ Բաբայանը չնշեց` հավելելով, որ դրանց մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Նշենք, որ հիմնադրամն իրականացնում է հեռուստամարաթոններ՝ սկսած 1996 թվականից, առաջին հեռուստամարաթոնը տեղի է ունեցել 1996 թվականին, որի արդյունքում գրանցված 2.2 միլիոն ԱՄՆ դոլարը կրկնապատկվել է Ք. Քրքորյանի կողմից: 1998 եւ 2001 թվականներին Հեռուստամարաթոնն իր ավանդական ձեւով տեղի չի ունեցել: 1998 թվականին հեռարձակում տեղի չի ունեցել եւ դրամահավաքը կազմակերպվել է այլ եղանակներով, իսկ 2001-ին Հեռուստամարաթոնն ուղիղ եթերով չի հեռարձակվել ` ի նշան սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերի հիշատակի, եւ նվիրատուների շրջանակներում տարածվել է տեսագրված տարբերակ: 2008 թվականի դրամահավաքի ցուցանիշը` 35 միլիոն դոլար, մեծապես պայմանավորված էր անցած տարվա դրամահավաք ճաշկերույթի արդյունքով` 30 միլիոն դոլար, որի առյուծի բաժինը գործարար Սամվել Կարապետյանի 15 միլիոն դոլարի նվիրատվությունն է:




























