Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ:  Սպիտակում նախագահն այցելել է բազմաճյուղ տնտեսություն վարող «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերություն: Նախագահը շրջել է համալիրում, ծանոթացել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի գործունեության ուղղություններին եւ ծրագրերին, ընկերության ղեկավարության հետ քննարկել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի զարգացման ծրագրերը:

 «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1989թ. սահմանամերձ Դարիկ գյուղում  (Ամասիայի տարածաշրջան), իր գործունեության 21 տարիների ընթացքում հետեւողականորեն ներդրել է հողի մշակման, ցանքսի, կենդանիների տոհմային որակյալ ցեղատեսակների բուծման եւ խնամքի, կաթի վերամշակման, ինչպես նաեւ կերերի արտադրության նոր տեխնոլոգիաներ, իրականացրել ժամանակակից տեխնիկասարքավորումների ներկրում, նախատեսում է նաեւ տեղում գյուղտեխնիկայի հավաքման եւ նորոգման ծրագրերի իրականացում: Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանի 4 մարզերում` սեփական եւ վարձակալած շուրջ 1,620 հա ընդհանուր տարածքում, Դարիկ, Սպիտակ, Ղազանչի,  Արագածավան, Հրազդան, Եղվարդ համայնքներում: Հանրապետության ղեկավարին շրջայցի ժամանակ ներկայացվել է, որ «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն մինչեւ այսօր շուրջ 11մլն դոլարի մեծածավալ ներդրումներ է կատարել արտադրության արդիականացման եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: