Սխալ է ասել, որ Հայաստանի նախագահի այցը Վրաստան հետաձգվել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում իրականությանն այն լուրերը, որ Հայաստանի նախագահի այցը հետաձգվել է:

«Քանի որ կողմերի միջեւ վերջնական պայմանավորվածություն չէր եղել այցի կոնկրետ ժամկետների շուրջ: Սկզբունքային համաձայնություն է եղել, որ այցը կայանալու է մինչեւ ընթացիկ տարվա վերջ եւ դա մնում է ուժի մեջ: Այցի կոնկրետ ժամկետների մասին կողմերը կհայտնեն պատշաճ ժամկետում»,- ասել է դեսպանը:

Նշենք, որ ավելի վաղ վրացական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Սերժ Սարգսյանի այցը հետաձգվել է: Դրա համար, ըստ վրացական լրատվամիջոցների, պատճառ էր դարձել Միխայիլ Սահակաշվիլիի կողմից հայկական իշխանությունների հասցեին քննադատությունը: