Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններով առաջին փուլում քննարկեցինք եւ հաստատեցինք աշխատակարգը, որով նկարագրեցինք, ըստ էության, մեր շփումների արդյունքների ամփոփման եւ կազմակերպման ձեւը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, կառավարության հետ հարցուպատասխանին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս փուլում քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու։ Երբ մենք այդ աշխատանքները ավարտին հասցնենք, երկու երկիրն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնենք ներպետական շրջանառության մեջ կախված բովանդակությունից, թե ինչ կնկարագրվի եւ ինչ կոնենսուսի կգանք, ըստ այդմ էլ այդ փաստաթուղթը կշրջանառվի ամենայն հավանականությամբ որպես օրենքի նախագիծ»,- ներկայացրեց Գրիգորյանը։
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա ճանապարհային քարտեզ, թե դելիմիտացիային եւ դեմարկացիային երբ կհասնենք, փոխվարչապետը պատասխանեց․ «Կարծում եմ՝ եթե մենք մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնանք, եւ նախագծման փաստաթղթի աշխատանքներն ու տրամաբանությունը բխի Ալմա Աթայի հռչակագրից, մենք կարող ենք 2-3 ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի մեթոդաբանությունը աշխատանքի։ Մեթոդաբանությունը հաստատելուց հետո շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը թե՛ դելիմիտացիայի, թե՛ դեմարկացիայի, բայց այնուամենայնիվ բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»։





























