Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Ադրբեջանի կառավարության հետ ստորագրած ադրբեջանական նավթի տարանցման համաձայնագիրը վավերացնելուն: Համաձայնագիրը ստորագրվել է ընթացիկ տարվա հունվարին, Ադրբեջանն այն վավերացրել է օգոստոսին:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունում մատակարարման ավելացման հույս ունեն, գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան»:
Ուկրաինայի խորհրդարանում համաձայնագրի վավերացումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Փաստաթուղթը «Օդեսա-Բրոդի» խողովակաշարով 3 մլն տոննա ադրբեջանական նավթի տեղափոխում է նախատեսում Ուկրաինայի նավթամշակման ձեռնարկություններ, ինչպես նաեւ 5 մլն տոննա արեւմտյան ուղղությամբ (Հունգարիա, Սլովակիա, Չեխիա) եւ 8-12 մլն տոննա Բելառուսի ուղղությամբ:
Նավթի վերբեռնումը նախատեսվում է իրականացնել Հարավային նավահանգստից, գրում NEWSru.ua-ը:




























